ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Առողջ ապրելակերպն» իր առողջ արշավներով հասել է Շիրակի մարզ: Հանրային արշավի այսօրվա կանգառը Գյումրին է:
«Առողջ ապրելակերպը սովորություն է» կարգախոսը իրենցն է տարին տասներկու ամիս` կեսկատակ-կեսլուրջ ասում են մշակույթի և սպորտի մայրաքաղաքի բնակիչներն ու մեծ ակտիվությամբ մասնակցում առողջապահության նախարարության հանրային արշավին:
«Առողջ հասարակության հիմքում առողջ ապրելակերպն է»,- գյումրեցիներին ողջունելով նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ու վստահեցրել, որ նման միջոցառումներ կազմակերպվելու են բոլոր մարզերում այնքան ժամանակ, մինչև առողջ ապրելակերպը իսկապես սովորություն դառնա:
Հանրակրթական 8 դպրոցների միջին և ավագ դասարանների աշակերտներ, առողջության առաջնային պահպանման օղակի, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ, հարյուրավոր գյումրեցիներ հնարավորություն ունեին մասնակցելու քայլարշավի, սպորտային տարատեսակ խաղերի, ինչպես նաև ԱԱՊ օղակի տաղավարներում անցնելու սքրինինգային տարբեր հետազոտություններ:
Մայիսի 17-ին «Առողջ ապրելակերպի» արշավին հնարավորություն կունենան մասնակցել Լոռու մարզի բնակիչները: