Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է հայկական առաջին արբանյակի գործարկման հետ կապված գործընթացին:
Նրա խոսքով, խնդիրը երկու մասից է բաղկացած. «Մենք ունենք կառավարման կենտրոն և ընդունիչ կայան: Կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է, իսկ ընդունիչ կայանի հետ կապված սպասում ենք որոշ սարքավորումների ներմուծմանը. ընթացքի մեջ է գործընթացը. մոտ ժամանակներս սպասում ենք, որ վերջնական սարքավորումները կստանանք և կկարողանանք ընդունիչ կայանի և կառավարման կենտրոնի բացումն անել: Ես չեմ ցանկանա հիմա կոնկրետ օր նշել, բայց հուսով ենք, որ այս եռամսյակի ընթացքում կավարտվի: Մենք այս ժամանակն օգտագործում ենք մասնագետների վերապատրաստման համար, ինչն ակտիվ ընթանում է, բավականին հաջող, ես դրական եմ գնահատում»։
Ինչ վերաբերում է արբանյակից ստացվող ինֆորմացիային, Ռոբերտ Խաչատրյանն ասել է, թե արբանյակից ստացվող նկարներին պետք է նայենք որպես ինֆորմացիայի աղբյուր, որոնք ռազմական բնագավառում ևս կարող են մեզ օգտակար լինել:
Ինչ վերաբերում է հայկական երկրորդ արբանյակի գործարկման աշխատանքներին, Խաչատյանն ասել է, թե դրանք նախնական փուլում են: