Հասարակություն

Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերի ընթացքին՝ նշելով, որ տարեկան հաղորդման մեջ դրանք չեն հիշատակվել, քանի որ ԱԺ-ին ու հասարակությանն այս առումով ասելիք չունեն. «Որոշակի քննչական գործողություններ երկու վարույթներով էլ կատարվում են»։

Ըստ դատախազի՝ «Մարտի 1»-ի գործը կազմված է մոտ 800 հատորից և այս պահին գտնվում է մեկ քննիչի մոտ։ Դատախազը տեղեկացրել է, որ դիմել է հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին՝ քննչական խումբ ձևավորելու համար. «Այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն ուղղակի անիրատեսական է»,- ասել է Վարդապետյանը՝ հավելելով, որ դատախազական հսկողությունն իրականացվում է իրեն առընթեր խմբի կողմից. «Կարծում եմ՝ 2023թ. հաղորդման մեջ առանձին դրվագների մեջ հաշվետվություն ներկայացրած կլինենք»։

Ըստ դատախազի. «Ֆիզիկապես այս վարույթին ես չեմ հասցրել անդրադառնալ, այս երկու գործերից «Մարտի 1»-ն ինձ համար ամենաառաջնայինն էր, հաշվի առնելով հենց այդ ժամկետների առկայությունը։ Ինչպես գիտեք, նոր քրեական դատավարության օրենսգրքով կան քրեական հետապնդման ժամկետներ, ու եթե այդ ընթացքում անձի վերաբերյալ գործը չի ուղարկվում դատարան, անձը համարվում է արդարացված։ Դրանով է պայմանավորված առաջնահերթության կարգով հենց «Մարտի 1»-ի դրվագների ուսումնասիրությունը։ Կարծում եմ՝ «Հոկտեմբերի 27»-ին տարվա երկրորդ կեսին այդ ձևաչափով կկարողանանք անդրադառնալ»։