Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը։
Նրա գնահատմամբ՝ այդ ձգձգումը հանգեցնում է արդարադատության գործընթացի արդյունավետության նվազմանը, գործերի կուտակմանն ու դատավարության մասնակիցների իրավունքների խախտումներին։ Այս համատեքստում նա անդրադարձել է քրեական գործերի վաղեմության ժամկետներին, ինչի դեպքում չի իրացվում պատժի արդարության և սոցիալական արդարության վերականգնման իրավաչափ հանրային ակնկալիքը. «2022թ. 244 քրեական գործ կարճվել է հենց վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Միաժամանակ, դատարաններում քննվող գործերով 2022թ. 343 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հետևանքով»։
Ըստ դատախազի՝ 2022թ․ ընթացքում քրեական գործերի 13,1%-ի նախաքննությունը տևել է 6 ամսից ավելի, 4,5%-ը՝ 1 տարուց ավելի։ Ըստ նրա՝ պատճառներից է քրեական վարույթների աճը, բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ՝ վարույթն իրականացնող մարմինների անբարեխիղճ վերաբերմունքն իրենց պարտականությունների նկատմամբ։