Հասարակություն

ԱՊՀ երկրները կհամագործակցեն սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ուղղություններով

Խորհրդարանը մայիսի 2-ի նիստում քննարկել է ««Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի տեղեկացմամբ համաձայնագիրը մշակվել է` հաշվի առնելով արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ 2015 թվականի համաձայնագրի դրույթները, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման ԱՀԿ ռազմավարությունը և սանիտարահամաճարակաբանական բնույթի հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի շրջանակում միջոցառումների իրականացման ծրագիրը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ուղղությամբ մասնակից երկրների համագործակցության ամրապնդում, փոխադարձ օգնություն ցուցաբերելու համար նպաստավոր պայմանների ստեղծում` արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա վտանգի մասին համաձայնագրի մյուս կողմերին արագ իրազեկումն ապահովելու, անհրաժեշտության դեպքում մասնագիտացված հակահամաճարակային թիմերին ներգրավելու միջոցով:

Փաստաթղթով սահմանում են աշխատանքի հիմնական ոլորտները և մասնագիտացված հակահամաճարակային թիմերի աշխատանքի կարգը, նրանց տեղափոխումը մյուս կողմի պետության տարածքում գտնվող արտակարգ իրավիճակի գոտի, տեղեկատվության և այլ հարցեր:

Համաձայնագիրը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է հատուկ կարծիքով, իսկ Ադրբեջանի Հանրապետության կողմից` վերապահումով: