Հասարակություն

Առողջապահության բնագավառում Հնդկաստանի հետ համաձայնագիրն ուղղված կլինի դեղագործության ոլորտում ՀՀ ներուժին

Առողջապահության բնագավառում Հնդկաստանի հետ համաձայնագիրն ուղղված կլինի դեղագործության ոլորտում ՀՀ ներուժին

Անահիտ Ավանեսյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքում երկու երկրների միջև նախապատրաստվում են համաձայնագրեր, որոնց ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության համար նոր էջ կբացվի:

Մանրամասները քննարկվել են առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպմանը:

Նշվել է, որ համաձայնագրերից մեկն ուղղված կլինի դեղագործության ոլորտում Հայաստանի ներուժին, որը կարող է գրավիչ լինել հնդկական կողմի համար` նաև ԵԱՏՄ շուկա մուտք գործելու տեսանկյունից:

Երկրորդ համաձայնագիրը նախատեսվում է կնքել առողջապահության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության միջև` հանրային առողջության և բժշկական գիտության բնագավառում:

Քննարկվել են նաև բժշկական տուրիզմի զարգացման հնարավորությունները, փոխպատվաստման ոլորտում ծառայությունները հասանելիությունը, ինչպես նաև մասնագետների փորձի փոխանակման ծրագրերը:

«Մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը շատ բարձր է: Հուսով եմ` Ձեր առաքելությունը Հայաստանում ևս կնպաստի կոնկրետ ոլորտներում այդ ներուժի իրացմանը»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական