ԱԺ-ն քննարկեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։
Ինչպես տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, օրինագծերի ընդունման արդյունքում բարձագույն որակավորման կոմիտեի, գիտության կոմիտեի և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության հենքի վրա Հայաստանում կկազմավորվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե. «Այս փոփոխությունը նպատակ ունի միասնական քաղաքականության իրացման հենք ապահովել ոլորտում, որը մեր կարևորագույն խնդիրներից է։ Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության, իսկ գիտությունն էլ, իր հերթին, պետք է անպայման համադրված լինի և կապեր ունենա կրթական ծրագերի հետ։ Կարծում ենք՝ այսպիսով բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը և իրացումը դարձնել իրականություն»։
Նա տեղեկացրեց, որ նորաստեղծ կոմիտեն գործելու է նախարարության ենթակայության տակ, իսկ ոլորտի լիազոր մարմինը լինելու է ԿԳՄՍՆ-ն։