Հայաստանում կստեղծվի ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանում. կառավարությունը հավանություն տվեց ոստիկանության մասին օրենքում փոփոխությունների նախագծին։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանի խոսքով՝ այն իր բնույթով նոր ձեռագիր կապահովի անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու հարցում. «Ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիա․ մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկներն, ըստ անհրաժեշտության, ցամաքային հատվածում իրականացնելու են Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ»։
Ըստ նախարարի՝ ջրային պարեկները կստուգեն նավավարների սթափության աստիճանը, կհետևեն հրդեհային անվտանգության կանոններին, օրենքով նախատեսված դեպքերում կարգելեն լողամիջոցների շահագործումը։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ նոր ստորաբաժանումը կունենա չորս հենակետ՝ տեղակայված Շողակաթ, Արծվանիստ, Գեղամա և Սևանի թերակղզու լողափներում։