ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով ԱՊՀ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը․
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ վերջին տարիներին սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում արտակարգ իրավիճակների զարգացման վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների ռիսկերը բավական մեծացել են. «Վերջին նման իրավիճակներից էր կորոնավիրուսային հիվանդությունը։ Պետք է նշեմ, որ այս համագործակցությունն ուղղված է ԱՊՀ երկրների միջև համագործակցության ուժեղացմանն այն դեպքում, երբ պետությունները միայնակ չեն կարողանում որոշակի լուծումներ տալ, կանխարգելել հիվանդությունների տարածումը, և այդ փոխօգնությունը հիմնված է լինելու համաճարակաբանական մասնագիտացված խմբերի միջոցով տրամադրմանը»։
Նանուշյանը նշեց, որ այս համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ կողմից հատուկ կարծիքով, Ադրբեջանի կողմից՝ վերապահումով։
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագիծն ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելուն։