Հասարակություն

Գարեջրի և մի շարք խմիչքների արտադրությունը կազատվի ծանուցման պահանջից

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին։

«Փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, պարզեցման, ծանուցման ենթակա մի շարք ոլորտներին աջակցելու, իրենց զարգացմանը նպաստելու, գործարար և ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն ավելի գրավիչ դարձնելու հանգամանքով: Բացի այդ՝ ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են նաև տարեկան տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր»,-ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը:

Ըստ նրա, այժմ նախարարությունը 19 գործունեության տեսակի համար ծանուցման գործընթաց է անցկացնում: Նախագծով առաջարկվում է 6 տեսակից հրաժարվել, ևս 6-ը փոփոխել և ավելացնել 1 տեսակ: 6 տեսակները, որոնցից առաջարկվում է հրաժարվել, հետևյալն են՝ անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրությունը, անասնաբուժասանիտարական փորձաքննությունը, բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրությունը, վաճառքը, լիկյորների և մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրությունը, գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների, մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը և գարեջրի արտադրությունը:

Իսպիրյանը նշեց՝ ծանուցումը չի բերում որակի բարձրացմանը. «Որակի վերահսկողությունն  այսպես թե այնպես, իրականացվում է այլ մեխանիզմների շնորհիվ: Այսինքն՝ ծանուցումը պարզապես լրացուցիչ բեռ ու բյուրոկրատական քաշքշուկ է տնտեսվարողների համար»։ 

Նա տեղեկացրեց, որ ավելացվող տեսակն է վիսկի, ռոմ, ջին տեսակի թունդ ալկոհոլային խմիչքների արտադրությունը։