Հասարակություն

Եվրասիական զարգացման բանկի կապիտալում Հայաստանի մասնաբաժինը կավելանա

ԱԺ-ում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Համաձայնագրի նպատակն է կարգավորել ԵԱԶԲ-ի կապիտալում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները։ ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանի խոսքով. «2024-2027 թվականներին  յուրաքանչյուր տարի նախատեսվում է 16 միլիոն դոլարին համարժեք ռուբլի վճարում կատարել։ Գործընթացի ավարտին 67 միլիոն դոլար արժեքով բաժնետոմսերը ձեռք բերելու արդյունքում ՀՀ  ներկայիս 0,007% մասնաբաժինը էապես կավելանա՝ կազմելով 4,23%»։ 

Ըստ նրա, այսպես Հայաստանը Ռուսաստանի հետ վերահաստատում է շահագրգռվածությունը՝ շարունակել խորացնել հարաբերությունները ԵԱԶԲ-ի հետ. «Այս քայլը հնարավորություն կտա մեծացնել մեր վարկային պորտֆելը, մեծացնել ներդրումային պորտֆելը։ Սա հնարավորություն կտա մինչև 500 միլիոնի բարձրացնել մեր սահմանաչափը ու հասանելիություն ապահովել մեր մասնավոր հատվածի սուբյեկտներին՝ համապատասխան ֆինանսական ռեսուրների»։

Փոխնախարարը նշել է, թե ԵԱԶԲ ներկայիս պորտֆելում Հայաստանը ունի 5,6 տոկոս կշիռ, որը 256 միլիոն դոլար է։

Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. մարտի 24-ին։