Հասարակություն

«Հայաստանում «վերևից» գործ կարելու հրահանգներ չեն կարող լինել. իրավապահներն են շտապել աղմկահարույց շոու բեմականացնել». Գևորգ Սիմոնյան

«Փոխքաղաքապետի՝ իմ լիազորություններն այս պահին հասկանալի պատճառներով ժամանակավորապես կասեցված են, դադարեցման մասին խոսք չկա»,- Radar Armenia-ի հետ բացառիկ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։ 

- Հայտնի է, որ վերաքննիչ դատարանը մերժել է Ձեր բողոքը: Պատրաստվո՞ւմ եք կրկին բողոքարկել: 

- Վերաքննիչ դատարան իմ հասցեագրած բողոքի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվի ապրիլի 27-ին։ Եթե վերաքննիչն իսկապես մերժի, այո, պատրաստվում եմ բողոքարկել օրենքով ինձ վերապահված բոլոր հնարավոր հարթակներում և միջոցներով:

- Եղան նաև հրապարակումներ, որ փոխքաղաքապետի՝ Ձեր լիազորությունները դադարեցվելու են: Որքանո՞վ են այդ լուրերը հավաստի:

- Փոխքաղաքապետի իմ լիազորություններն այս պահին հասկանալի պատճառներով ժամանակավորապես կասեցված են․ դադարեցման մասին խոսք չկա։ Փաստաբանս և եղբայրս փոխանցել են, որ քաղաքապետարանի գործընկերներս սպասում են շուտափույթ վերադարձիս, ինչն, անխոս, ինձ շատ է ոգևորում։

- Պարոն Սիմոնյան, կան պնդումներ, որ Ձեզ հետ կապված գործն առավելապես քաղաքական ենթատեքստ ունի: Դուք և՞ս այդպես եք կարծում։

- Գիտեք՝ քաղաքական ենթատեքստ կարող ենք գտնել ցանկացած քրեական գործում, որը կապված է կամայական պաշտոնյայի հետ։ Բայց վստահ եմ, որ քաղաքական իշխանությունն այս գործում որևէ մասնակցություն չի ունեցել։ 2023թ․Հայաստանում «վերևից» գործ կարելու հրահանգներ չեն կարող լինել: Ինչ վերաբերում է իմ քրեական գործին, կարծում եմ՝ իրավապահներն են շտապել աղմկահարույց ձերբակալության-կալանքի շոու բեմականացնել՝ թերևս նվազած վարկանիշը բաձրացնելու համար: Կասկած չունեմ, որ առաջիկայում այս գործընթացը նույնքան աղմկահարույց վախճան է ունենալու։

- Գո՞հ եք Ձեր պահման պայմաններից:

- Պետք է նշեմ, որ «Արմավիր» ՔԿՀ-ում պայմանները բավարար են այս ժամանակահատվածն արժանապատիվ անցկացնելու համար։

- Մամուլը գրեց, որ, որպես կանոն, պաշտոնատար անձինք կալանքը կրում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում կամ ԱԱԾ-ի «Երևան-Կենտրոն»-ում, սակայն Ձեզ ոչ միայն «Արմավիր» են տարել, որը գտնվում է, այսպես ասած, «զոն նայողների» հսկողության տակ, այլև, պարզվում է, Ձեզ և նույն գործով մյուս անձին՝ «Մեդլայն» բժշկական կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանին նույն խցում են նստեցրել: Պատճառը, ըստ նույն հրապարակումների, այն է, որ այդպես վարվում են այն ժամանակ, երբ տվյալ խուցը գաղտնալսվում է, և, նույն գործով «հանցակիցներին» իրար հետ նստեցնելով, հույս են ունենում, որ կալանավորվածները գործից կխոսեն, և նախաքննական մարմինը նոր փաստեր ձեռք կբերի: Կան նաև հրապարակումներ, որ Դուք ցանկացել եք մենախուց տեղափոխվել: Որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

- Եթե անկեղծ, չգիտեմ՝ սովորաբար ուր են տանում կամ ինչպես են տեղաբաշխում նման դեպքերում։ Բաբկեն Շահումյանի հետ երբեք չեմ գտնվել և հիմա էլ չեմ գտնվում նույն խցում․ դա ապատեղեկատվություն է: Ինչ վերաբերում է գաղտնալսելուն, կարծում եմ՝ առանց դատարանի համապատասխան թույլտվության դա անհնար է: Ցանկացած պարագայում գաղտնալսելու նյութ էլ չկա: 

- Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը պնդում է, որ իրեն չեն հարցաքննել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նրան չեն հարցաքննում:

- Ինձ համար ևս տարակուսելի է պարոն Թորոսյանին չհարցաքննելու փաստը: Հատկապես, երբ նա հրապարակային հայտարարում է, որ իրեն հարցաքննելու դեպքում այս մեղադրանքը պարզապես կփոշիանա։ Այս հանգամանքին ես ոչ մի բացատրություն չունեմ։ Դեռ ավելին, ինձ էլ է շատ հետաքրքրում նույն հարցը։ Կարծում եմ՝ քննության շահերից է բխում բոլոր պատասխանատու անձանց հետ զրուցելը, հարցերի պատասխաններ ստանալը: 

- Պարոն Սիմոնյան, ըստ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի` Դուք, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով առողջապահության փոխնախարարի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չեք կատարել Ձեր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Հայտնի է, որ չեք ընդունում Ձեզ առաջադրված մեղադրանքը: 

- Իմ ծառայողական պարտականությունները կատարել եմ ԱՆ կանոնադրության, կառավարության համապատասխան որոշումների, ինչպես նաև առողջապահության նախարարի համապատասխան հրամանների շրջանակում։ Համավարակի ընթացքում պարտականություններս կատարել եմ պատշաճ, ինչի համար ՀՀ նախագահի և վարչապետի կողմից արժանացել եմ բարձրագույն պետական պարգևների։ Պնդում եմ, որ իմ կատարած աշխատանքը չի վնասել ՀՀ օրինական շահերին:

- ՀԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ձեր պարտականությունները չեք կատարել նաև այն պատճառով, որ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեք: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Այս ամենը շատ զավեշտալի է։ Մեղադրանքի տրամաբանությունն ինձ հիշեցնում է «Կարգին հաղորդման» հայտնի դրվագը՝ «եթե արկղը քառակուսի է, ապա ներսում կլոր է»: