2022 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1858 դեպք: 2021 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու դեպքերի նվազմամբ: Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Քննարկվել է ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Հաղորդումը բաղկացած է 11 բաժիններից:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազի` 2022 թվականի ընթացքում քրեական գործերի հարուցումների թվաքանակի զգալի նվազումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով:
2022 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով, քրեական գործերով և քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 221 մլն 849 հազար 983 ՀՀ դրամ. վերականգնվել է 873 մլն 265 հազար 480 դրամը:
Ներկայացնելով Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից կատարված աշխատանքները` Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում վարչությունը ստացել է ընդհանուր 50 քրեական գործով նյութ և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ` 84 անձի հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ:
Անդրադառնալով ուշացած արդարադատությանը` հիմնական զեկուցողը ներկայացրել է հակիրճ վիճակագրական տվյալներ: 2022 թվականի ընթացքում 244 քրեական գործ, վարույթ կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Ուշացած արդարադատության հանգեցնող պատճառների վերհանման շրջանակում հանձնարարականներ են հասցեագրվել Դատախազության բոլոր ստորաբաժանումներին. սկսվել է հանձնարարականների արդյունքների ամփոփման գործընթացը: