Radar Armenia-ն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ռազմական գերատեսչության և հանրապետությունում գործող ռազմահայրենասիրական կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։
Մենք ռազմական գերատեսչությանը հարցրել էինք՝ արդյոք համագործակցում են երկրում գործող ռազմահայրենասիրական կազմակերպությունների հետ, քանի նման հ/կ կա, որոնք կազմակերպում են նաև զենքի տիրապետման դասընթացներ, արդյոք ՊՆ-ն համագործակցում է հրաձգարաններում ուսումնական վարժանքներ անելու հարցում, եթե այո, ինչ սկզբունքով ու իրավական կարգավորումներով, ինչպես են ընտրվում այդ հրաձգարանները, որտեղ անցկացվում են պարապմունքները, ով է թույլտվություն տալիս, և կազմակերպություններն ու հրաձգարանները ինչ սկզբունքով են աջակցում ՊՆ-ին։
«Պաշտպանության նախարարությունը համագործակցում է Հայաստանում գործող մի շարք ռազմահայրենասիրական կազմակերպությունների հետ: ԶՈւ ենթակա հրաձգարանները և վարժանքներին աջակցությունը տրամադրվում է ըստ կազմակերպիչների ներկայացրած հայտերի՝ պաշտպանության նախարարի որոշմամբ: ՀՀ ԶՈւ հրաձգարանն ընտրելիս հաշվի է առնվում դիմումատուի կողմից ընտրված միջոցառման վայրը, հրաձգությանը մասնակցող անձնակազմի թիվը, ԶՈւ հրաձգարանների ծանրաբեռնվածությունը և այլ հանգամանքներ: Ոչ բոլոր կազմակերպություններն են աջակցության հայտ ներկայացնում վարժանքներն իրականացնելիս: Ուստի նման գործունեություն ծավալող կազմակերպությունների մասին ամբողջական տեղեկություն չենք կարող փոխանցել: ՀՀ ԶՈւ ոչ ենթակա հրաձգարաններից և կազմակերպություններից պաշտպանական գերատեսչությունը որևէ օժանդակության ակնկալիք չունի։ Կրակային վարժանքներին ՊՆ աջակցությունը տրվում է՝ կարևորելով նախազորակոչային տարիքի պատանիների և երիտասարդների նախնական զինվորական պատրաստության նշանակությունը»,- ասվում է ռազմական գերատեսչության պատասխանում։
Հայկ Մագոյան