Հասարակություն

Անհատի և հանրային առողջությունն անգնահատելի ռեսուրս է, որը մենք պետք է պատասխանատվությամբ պահպանենք

2022 թվականին մենք շարունակել ենք դիմակայել համավարակով և անվտանգային հարցերով պայմանավորված ահռելի մարտահրավերներին և անշեղորեն իրացրել Կառավարության ծրագրով նախատեսված համակարգային բարեփոխումների օրակարգը: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապրիլի 19-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստում: Խորհրդարանը շարունակել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկումը:

Ներկայացնելով ԱՆ ռազմավարական զարգացման ճանապարհային քարտեզը` հարակից զեկուցողը նշել է, որ գործադիրի ռազմավարական նպատակն է բնակչության առողջության պահպանումը, հիվանդացության, հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցումը, կյանքի միջին տևողության աճը և կյանքի որակի ու աշխատունակության բարելավումը: Այս նպատակին հասնելու համար իրականացվել են մարդկանց առողջության բարելավման և առողջապահական համակարգի բարեփոխմանն ուղղված միջոցառումներ:

Ծխելու դեմ պայքարից բացի` 2022 թվականին Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են եղել նաև առողջ սնուցման հարցերը: Կարևորելով առողջ ապրելակերպի վարքագծի ամրապնդման համար մանկական և դեռահասային տարիքի խումբը` աշխատանքներ են տարվել հենց այս խմբի համար: Հաստատվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները, առողջ ապրելակերպի սովորությունների ձևավորմանը նպաստելու և կայուն վարքագիծ սերմանելու համար իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ:

Մարզերում 50-69-ը տարեկան կանանց շրջանում իրականացվել են 10.337 մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ: Արդյունքում, 98 կնոջ մոտ հաստատվել է քաղցկեղ և ճիշտ ժամանակին ցուցաբերվել է բուժօգնություն` առողջացումով:

Հաշվետու տարում հաստատվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը. իրականացվել է 2096 հետազոտություն: Շարունակվել են իմունականխարգելման աշխատանքները: «Անհատի և հանրային առողջությունն անգնահատելի ռեսուրս է, որը մենք պետք է պատասխանատվությամբ պահպանենք և զերծ պահենք մեր հասարակությանը վնասակար ազդեցություններից»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով արդիական և բարձրորակ առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ տարեցտարի ընդլայնվում են պետական պատվերի շրջանակում մատուցվող ծառայությունների ծավալները: Միայն պետական պատվերի շրջանակում փոխհատուցված հիվանդանոցային և դժվարամատչելի հետազոտությունների, բժշկական օգնության ու սպասարկման ծավալները 2017 թվականի համեմատ աճել են 125 տոկոսով: 2022 թվականին ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու հնարավորություն ընձեռող ծրագիրը, որում ընդգրկվել են զինծառայող զավակ կորցրած մեր հայրենակիցները: Անցյալ տարի այս ծրագրի համար եղել է 842 դիմում, իսկ 2022 թվականի միայն առաջին եռամսյակում ստացվել է 1132 դիմում:

Կառավարության ծրագրով նախատեսված է առնվազն 50 առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում և արդիականացում: 2022 թվականին 13 բժշկական կազմակերպություն գտնվել է ակտիվ բժշկական շինարարական գործընթացում: Ծրագրի արդյունքում բոլոր մարզային բժշկական կենտրոններն ունենալու են արդիական ծառայություններ: Հաշվետու տարում հաստատվել է առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման ռազմավարությունը: 2018-2022 թվականներին մարզային բժշկական կենտրոններին և առաջնային օղակի հաստատություններին տրամադրվել են 4,9 մլրդ դրամի բժշկական սարքավորումներ: 2022 թվականից Երևան քաղաքում բժշկական ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են միայն անկանխիկ տարբերակով, այս տարվանից կարգավորումը կսկսի տարածվել նաև մարզերում: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է շտապ օգնության ծառայության բարեփոխումները: 2022 թվականին իրականացվել է տարիներ շարունակ հետաձգված շարունակական մասնագիտական զարգացման արդյունքում հավաստագրման գործընթացը. 32.737 բուժաշխատող բարձրացրել է իր որակավորումը, և այլևս առանց հավաստագրի որևէ բուժաշխատող չի կարող աշխատել: Առողջապահության նախարարն անդրադարձել է համապարփակ ապահովագրության հայեցակարգին` նշելով, որ ապահովագրությունը ներդրվելու է փուլային տարբերակով,- այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։