«Հայաստանում ներդրվող առողջապահական պարտադիր ապահովագրական համակարգի հայեցակարգում հաշվի է առնվել մերձբալթյան երկրների փորձը». տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ տարբեր երկրների բարեփոխումների դրական մոդելներով փորձել են Հայաստանի համար ընդունելի, իրատեսական, հարցեր լուծող համակարգ գծել․ «Մենք որպես օրինակելի մոդել վերցրել ենք մերձբալթյան երկրների փորձը։ Նման պետական ապահովագրական համակարգեր ունի նաև Հարավային Կորեան, որն աշխարհին հայտնի է առողջապահական լուրջ ձեռքբերումներով, Թայլանդը, որը վերջին 20 տարում մեծ զարգացում է ապահովել։ Իսկ ինչու ենք վերցրել մերձբալթյան երկրները, որովհետև դրանք ծավալով ու անցած ճանապարհով համադրելի են մեզ, մեր բժշկագիտությունը, մասնագետները, համակարգերը զարգացման ընթացքով նման են իրար»։
Նախարարի խոսքով՝ չպետք է վերցնել Հայաստանի հետ կապ չունեցող, գուցե՝ հիանալի համակարգ ու ներդնել․ «Ներդրվելիք համակարգը պետք է մեկ քայլ առաջ լինի, բայց բխի մեր իրավիճակից, համադրելի լինի մեր երկրի հնարավորությունների հետ»։
Ավանեսյանը նաև համեմատություն է արել առողջապահական և կուտակային կենսաթոշակային ապահովագրության համակարգերի հետ. «Առողջապահական ապահովագրության դեպքում, օրինակ, ի տարբերություն սոցիալական ապահովագրության կամ կենսաթոշակների կուտակային համակարգի, մարդը միանգամից է զգում վճարած գումարի դիմաց ստացած ծառայությունների էֆեկտը, որովհետև վաղը կարող է քաղաքացուն անհրաժեշտ լինել առողջապահական ծախս, և վճարման մեկնարկից սկսած ապահովագրական համակարգն իր համար կսկսի գործել»,- ասել է նա։