Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն է ընտրվել Աշոտ Ռոբերտի Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Հակոբյանն ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի որոշմամբ։

Աշոտ Հակոբյանն ավարտել է Մոսկվայի Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի արդյունաբերության պետական ինստիտուտի գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծման և շահագործման բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։

 «ՀայՌուսգազարդ», հետագայում` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ում է 2004 թվականից։ 2016 թվականից զբաղեցնում էր ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ–գլխավոր ճարտարագետի պաշտոնը:

Արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրի։ Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի Նախագահների խորհրդի որոշմամբ պարգևատրվել է պատվավոր դիպլոմով՝ գազաէներգետիկ ոլորտի զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար։ Արժանացել է նաև «Գազպրոմ» ՀԲԸ շնորհակալագրի՝ գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։