Հասարակություն

Դատախազությունն ընթացք չի տվել Խաչատրյանի՝ բնակարանը զգալիորեն էժան գնելու մասին հրապարակմանը. «Ազատություն»

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից շուկայականից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում է գերատեսչությունը։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հրապարակմամբ մատնանշված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, միաժամանակ այն չի բովանդակում այնպիսի փաստեր, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, հետևաբար հրապարակումը չի ուղարկվել իրավասու քննչական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով», - հայտնել են Գլխավոր դատախազությունից։