Հասարակություն

Որտե՞ղ են բնակվում Շուռնուխի բնակարանային ծրագրերից օգտվողները

Սյունիքի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղի բնակարանային ծրագրից օգտվող բնակիչները Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Գորիսի համայնքապետարանի աջակցությամբ և սեփական նախաձեռնությամբ ժամանակավորապես տեղավորվել են Շուռնուխ և այլ բնակավայրերում։ Այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Սյունիքի մարզպետարանից։

Մարզպետարանից հետաքրքրվել էինք, թե մինչև Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցման շինաշխատանքներն ու ծրագրի ավարտը բնակարանի կարիք ունեցողները որտեղ են ապրում, քանի հոգու մասին է խոսքը և այդ ընտանիքներին պետության կողմից ինչ աջակցություն է եղել։

«Համաձայն կառավարության 2021թ․ փետրվարի 4-ի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը և այդ օգնությունը տրամադրելու կարգը հաստատելու մասին N 112-Լ որոշման՝ բնակելի տները կորցրած Շուռնուխ և Որոտան բնակավայրերի 45 քաղաքացու միանվագ տրվել է 300․000 (երեք հարյուր հազար) դրամի աջակցություն և ամենամսյա դրամական վճար՝ 68․000 (վաթսունութ հազար) դրամի չափով: Որոտան բնակավայրի 6 շահառու այլ աղբյուրներից ստացել են բնակարանի փոխհատուցում, իսկ մեկ քաղաքացի մահացել է: Ուստի նշված որոշման շահառուների թիվը դարձել է 38, որոնք սահմանված կարգով առ այսօր ստանում են ամենամսյա դրամական 68․000 (վաթսունութ հազար) դրամի վճարը»,- ասվում է հարցման պատասխանում։

Հիշեցնենք՝  հարցմամբ դիմել էինք ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ պարզելու, թե ինչ փուլում է շինարարությունը, արդեն քանի տուն է կառուցվել, դրանցից քանիսն են կիսակառույց, մինչ այս պահը որքան գումար է ծախսվել, և երբ են ավարտվելու շինաշխատանքները, որտեղից պատասխանել են, որ պայմանագրի համաձայն՝ շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2023թ. հունիսի 30-ին:

Հայկ Մագոյան