Հասարակություն

Հաղորդումներում զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը և սպառնալիքները

ԱԺ-ում ներկայացվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը։ 

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով, հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ` առանց իշխանությունների միջամտության

Նա տեղեկացրել է, որ հեռարձակողների խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման  իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հանձնաժողովի գրավոր հարցադրմանն ի պատասխան էական նշանակություն ունեցող բողոքներ չեն ստացվել:

Ըստ Տիգրան Հակոբյանի` հանձնաժողովը երբեմն բռնկվող կոնֆլիկտներում միջնորդի դեր է ստանձնել իշխանությունների որոշ ճյուղերի  և հեռարձակողների միջև:

«Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ 2021 թվականից ի վեր հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը և սպառնալիքները»,- ասել է ՀՌՀ նախագահը:

Նրա խոսքով կառույցն այս տարի ևս գործել է անկախ` առանց պետական մարմինների ուղղորդության և միջամտության:

Նա խոսել է նաև մեդիաոլորտի զարգացման նպատակով  խոչընդոտներ առաջացնող օրենսդրական բացերի մասին, մասնավորապես, նշելով, որ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների մի մասը վերաբերում է հանձնաժողովին վերապահված գործառույթներին, իսկ մյուս մասը` մեդիաոլորտին:

Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում գործել է 115 լիցենզավորված ընկերություն, որից 22-ը տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերություն է, 28-ը` լսողական, 65-ը` ցանցային օպերատոր: Առանց լիցենզիայի գործել են հանրային հեռարձակողների 2 տեսալսողական և 4 լսողական ծրագրեր:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ 2022 թվականի ընթացքում հանձնաժողովը հարուցել է 44 վարչական վարույթ, որից 29-ը` սեփական նախաձեռնությամբ, 15-ը` բողոքների համաձայն:

ՀՌՀ նախագահն անդրադարձել է նաև դատական կարգով բողոքարկման աննախադեպ աճերին և տեղեկացրել, որ հաշվետու տարում հանձնաժողովը 12 հայցով հանդես է եկել որպես պատասխանող կողմ:

Ելույթի ավարտին զեկուցողն անդրադարձել է նաև 2022 թվականին ավարտված տեխնիկական վերազինման աշխատանքներին:

Պատգամավորները հետաքրքրվել են  մեդիագրագիտությանը վերաբերող խնդիրներով, էթիկայի կանոնագրքի բովանդակությամբ, Հայաստանում ռադիոալիքների ավելացման համար ձեռնարկվող քայլերով, ֆինանսավորումը կանխարգելելուն ուղղված գործիքակազմի մշակման գործընթացով, օրենսդրական կարգավորումների անհրաժեշտության պատճառներով, տեղեկատվական հոսքերի անվերահսկելիության դեմ պայքարով, ստվերային հեռուստաընկերությունների լիցենզավորմամբ: