Հասարակություն

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում է նկատվում. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ադրբեջանական վերջին ռազմական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին։

Նախարարի խոսքով՝ որոշակի դրական տեղաշարժ կա. «Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր զինծառայողի մոտ երեկվա ընթացքում կայունացում է նկատվել, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք՝ ապաքինումը դրական ընթացքով կլինի։ Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ, այնպես որ, կարծում եմ, ամեն ինչ լավ է լինելու»։

Ավանեսյանը տեղեկացրել է, որ ինքն այցելել է վիրավոր զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով ու բուժման ընթացքով։

Նախարարը խոսել է նաև նախորդ տարվա սեպտեմբերին Գեղարքունիքում տեղակայված զորանոցներից մեկում հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին. «Նրանց առողջական վիճակը բավարար է․ ինչպես բազմիցս ասել եմ, այրվածքների պարագայում սովորաբար երկարատև բուժական ընթացք է անհրաժեշտ»։