Ս.թ. ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնող գործընկերների հետ` ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում. այս մասին տեղեկացնում են հանձնաժողովից։
Հանդիպման ընթացքում նախարարի կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից առաջարկվող` ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը, որով առաջարկվում է նշված օրենքում կազմակերպչական բնույթի փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով կանոնակարգել հանրակրթական ուսամնառություն անցնող ՀՀ քաղաքացիներին ՀՀ զինված ուժեր զորակոչվելու կապակցությամբ տարկետման իրավունք տրամադրելու հարցում ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ պաշտպանության նախարարությունների գործառույթները` այդ ընթացքում խուսափելով հնարավոր անհարկի կրկնություններից, խառնաշփոթից, բացթողումներից և կրճատելով այդ կապակցությամբ իրականացվելիք վարչարարությունը:
Նախագծի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին պատասխանեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարը և նախարարության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը, ովքեր իրենց հերթին իրենց գոհունակությունը հայտնեցին նախքան նախագծի կապակցությամբ համապատասխան պաշտոնական գործընթացների իրականացումից, նման աշխատանքային ձևաչափով իրականացվող հանդիպում-քննարկումների արդյունքներից և արդյունավետությունից:
Բացի այդ ընձեռնված հնարավորությունն օգտագործելով` հանձնաժողովի նախահագ Ա.Քոչարյանի առաջարկով և ներկայացմամբ լայնածավալ քննարկում անցկացվեց հանրակրթական ծրագրեր անցնող անձանց կողմից նախնական զինվորական պատրաստություն անցնելու արդյունավետությունը բարձրացնելու, հանրապետության տարբեր մարզերի տարածքներում (օրինակ` Վարդենիսի տարածքում) նախազորակոչային ճամբարային հավաքներ անցկացնելու պրակտիկան շարունակելու, խորացնելու ու կատարելագործելու, ՀՀ զինված ուժեր զորակոչվելու, ՀՀ ՊՆ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ռազմաուսումնական հաստատությունները հնարավոր վերակազմակերպելու (այդ թվում խոշորացնելու), ինչպես նաև նույն հաստատությունների միջև սերտ փոխգործակցություն ապահովելու վերաբերյալ հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարության ներկայացուցիչների և ՀՀ ԱԺ պատգամավորների ու հանձնաժողովի փորձագետների միջև փոխանակվեցին մտքեր ու ներկայացվեցին արժեքավոր առաջարկություններ, որպիսիք արձանագրվեցին նախարարության ներկայացուցիչների կողմից` հետագա համապատասխան աշխատանքներում հաշվի առնելու և նկատի ունենալու համար:
Նախարարն իր գոհունակությունը հայտնեց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնված աշխատանքային քննարկման արդյունքներից և հույս հայտնեց, որ նման ձևաչափով հանդիպում-քննարկումները կկրեն շարունակական բնույթ: