Հասարակություն

Իրականացվում է հանրապետության ավտոճանապարհների երթևեկության ինտենսիվության տվյալների հավաքագրում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժինն իրականացնում է հանրապետության ավտոճանապարհների երթևեկության ինտենսիվության տվյալների հավաքագրում։ Այն կատարվում է ինչպես միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված առցանց աշխատող հաշվիչների, այնպես էլ շարժական հաշվիչների միջոցով և ակնադիտական եղանակով։

ՀՀ 4 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (Մ-2, Մ-3, Մ-4, Մ-6) 5 կետերում տեղադրված են ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը  չափող  5 առցանց  աշխատող հաշվիչներ։ ՀՀ միջպետական նշանակության բոլոր 5 կետերում տեղադրված հաշվիչներն էլ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արձանագրել են երթևեկության ինտենսիվության ավելացում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Ավտոճանապարհների ինտենսիվության ցուցանիշները պահպանվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տվյալների բազայում։ Դրանք  անհրաժեշտ են HDM-4 տնտեսագիտական վերլուծական մոդելով մշակվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաև հիմնանորոգվող և նոր կառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար: