ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հայտնել է, որ պոլիկլինիկաների աշխատաժամանակի ռեժիմում փոփոխություններ կկատարվեն. աշխատաժամանակը կվելանա 2 ժամով։
Նրա խոսքով, Հայաստանի խոշոր քաղաքներում պոլիկլինիկաներն աշխատում են առավոտյան 9-ից մինչև 18.00-ն. «Հարցումները ցույց են տալիս, որ այդ գրաֆիկի մեջ մարդիկ չեն կարողանում որևէ կերպ դիմել պոլիկլինիկա, զննում անցնել: Պլանավորում ենք ժամերի ընդլայնում՝ առավոտյան 8-ից մինչև ժամը 19-ը: Բուժաշխատողների աշխատանքային ժամերի քանակը շաբաթական 33 ժամ է, այսինքն օրական 6 ժամ 36 րոպե է կազմում, իրենք այդպես էլ աշխատում են՝ 4,5 ժամ պոլիկլինիկայում, դրան գումարվում են տնային կանչերը: Այդ առումով 6 ժամ 36 րոպեն կպահպանվի: Առավոտյան ժամը 8-9-ը կաշխատեն լաբորատոր բաժանմունքը, որտեղ կլինի 1-2 բուժքույր:
Պլանավորում ենք ունենալ ներղ մասնագետների հերթապահություն մինչև ժամը 19-ը, գոնե շաբաթական մեկ օր: Այսինքն խիստ ծանրաբեռնվածություն չի լինելու ժամային առումով»,-ասել է նա։
Ըստ փոխնախարարի ժամային փոփոխությունը կներդրվի 1-2 ամսում «Քննարկումները կավարտենք և արդեն կունենանք այս նոր գրաֆիկը»,- ասել է նա: