Հասարակություն

Սյունիքում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Գոհար Գասպարյան Ա/Ձ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի  մարզ, ք. Գորիս):

Մասնավորապես՝

- արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել են՝ առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումները և բորբոսի առաջացումը.

 - արտադրական շինությունը ապահովված չի եղել սանհանգույցով, լվացարաններով.  

- հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից.

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով.

- արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում, միջատազերծում և կրծողների ոչնչացում չի իրականացվել.

- չեն օգտագործվել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներ և գույք։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: