Հասարակություն

Կարեն Անդրեասյանը չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից․ ԲԴԽ

ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաև իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից:

Վստահաբար, բոլոր տեղյակ և վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա: Այսինքն, ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է, որ դատավորները կորցնեն վերջին ամիսներին աստիճանաբար վերականգնվող հավատը: Հավատը` դատական համակարգում բարեփոխումների և դրական զարգացումների նկատմամբ:

Ուզում եմ վստահաբար տեղեկացնել, որ պարոն Անդրեասյանը չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից և անկատար թողնել հրապարակայնորեն ներկայացրած բոլոր այն ծրագրերը, որոնք կնվազեցնեն դատավորների գերծանրաբեռնվածությունը, կբարելավեն դատավորների կենսապայմանները, կվերացնեն դատական ուշացումները և բոլոր հակաիրավական դրսևորումները»: