Այսօր ապրիլի 7-ն է՝ մայրության և գեղեցկության օրը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
Ավետարանների համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»,- Մանկան մասին ասել է հրեշտակապետը: Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»,- ասել է: Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը: