Ապրիլի 5-ին մեղրեցիները փակել էին համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը։ Թեև համայնքապետը հավաքվածներին հորդորեց չխանգարել հանրային լսումները և քաղաքակիրթ ձևով իրականացնել դրանք, բայց քաղաքացիներն անդրդվելի էին։
Radar Armenia-ի հետ զրույցում մեղրեցի Կարեն Ադամյանն ասաց, որ իրենք ինքնաբուխ բողոքի ակցիա իրականացրին, որպեսզի հանրային լսումները չեղարկեն, քանի որ մեղրեցիներն ընդհանրապես չեն ուզում, որ Լիճքում հանքավայր լինի, ու խմելու ջրի ավազանը քանդեն․ «Ամբողջ Մեղրի համայնքի ջրամատակարարումը այդ տարածքից է կատարվում»,- ասաց Ադամյանը՝ նշելով, որ դեռևս մի քանի տարի առաջ դեմ լինելով՝ ստորագրահավաք են իրականացրել և ներկայացրել վարչապետին. «Մենք դեմ ենք, չենք ուզում Մեղրին լքենք, որովհետև ջուր չլինելը՝ արդեն Մեղրին լքել է»։

Խնդրի ամբողջ էությունը հասկանալու համար կապ հաստատեցինք Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի հետ, ով ներկայացնելով իրավիճակն՝ ասաց, որ այդ հանքը չի օգտագործվել, բայց ժամանակին նախնական աշխատանքներ են կատարվել։ Համայնքապետը բնապահպանական վտանգների ու ռիսկերի մասին չցանկացավ կարծիք հայտնել՝ նշելով, որ դրա վերաբերյալ պետք է մասնագետները խոսեն։
Զաքարյանի խոսքով՝ առաջին հանրային լսումը բնակչության կարծիքը տվյալ հարցի վերաբերյալ իմանալն ու համաձայնություն ստանալն է, որը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ․ «Կազմակերպությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դիմել է համայնքին։ Համայնքն էլ սահմանված կարգով իրենց համար ցանկալի տեղում կազմակերպել էր հանրային լսումը։ Սակայն քաղաքացիների կողմից եղան մեծ դժգոհություններ, բոյկոտեցին, և հանրային լսումներ տեղի չունեցան»,- պատմեց համայնքապետը՝ նշելով, որ կատարվածը ժողովրդավարության դրսևորում է։

Մեղրիի համայնքապետից հետաքրքրվեցինք, թե ինչ է հաջորդելու այս գործընթացին, արդյո՞ք նոր լսում լինելու է, թե՞ ոչ։ Բագրատ Զաքարյանն ասաց, որ օրենքը սահմանում է, որ ցանկացած հանք շահագործելուց առաջ պետք է լինի չորս հանրային լսում, բայց տեղի ունեցածը որպես հանրային լսում անվանել չեն կարող, և արձանագրություն չի կազմվելու, որ հանրային լսում է տեղի ունեցել․ «Գրություն է պատրաստվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, և այդքանով սահմանափակվելու ենք։ Այս պարագայում երկրորդ հանրային լսում հասկացություն գոյություն չունի»։
Համայնքապետին հարցրեցինք, թե ինքը, որպես Մեղրիի բնակիչ, ինչ կարծիք ունի՝ անհրաժեշտությու՞ն է Լիճքի հանքի շահագործումը։ Բագրատ Զաքարյանը հարցին մոտեցավ պետության առջև ծառացած մարտահրավերների, տնտեսական վիճակի տեսանկյունից՝ նշելով, որ ինքը, որպես քաղաքացի, կողմ է ճիշտ և գրագետ հանքարդյունաբերությանը․ «Հանքարդյունաբերությունը, որպես տնտեսական ճյուղ, ներկա պահին օդ ու ջրի պես պետք է մեր պետությանը։ Ես կողմ եմ դրան, բայց թե դա որտեղ պետք է լինի, ինչ պայմաններում, դրա համար պետք է լինել մասնագետ, մասնագիտական հաշվարկներ, ուսումնասիրություններ իրականացնել, որից հետո պատասխան տալ՝ արժե՞ տվյալ տարածքում ունենալ հանք, թե՞ չարժե, այդ հանքը տվյալ տարածքում պետք է շահագործվի բա՞ց հանքի տեխնոլոգիական պայմաններով, թե՞ փակ հանքի»,- նկատեց համայնքապետը՝ շեշտելով, որ սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տան ոչ թե համայնքի ղեկավարը կամ մեկ-երկու անհատ, այլ՝ մասնագետը․ «Ժողովրդի կարծիքն ինձ համար թիվ 1 դիրքորոշումն է։ Եթե ժողովուրդը դեմ կլինի, ուրեմն ժողովրդի հետ դեմ կլինեմ նաև ես։ Եթե կողմ կլինի, ես էլ կողմ կլինեմ, և կպահենք մեր վերահսկողությունը՝ որպես բնակիչ, որպես համայնք, որպեսզի տվյալ հանքը շահագործվի օրենքով սահմանված կարգով»։
Պարզաբանումներ ստանալու համար Radar Armenia-ն դիմեց նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, սակայն գերատեսչությունից ասացին՝ քանի որ սա հանրային առաջին լսումն է, այս փուլում իրենք գործառույթ չունեն և Լիճքի հանքի շահագործման վերաբերյալ հարցերին կարող են պատասխանել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձագիտական ինստիտուտի ուսումնասիրությունից հետո միայն։

Ապրիլի 5-ին մեղրեցիների հետ հանդիպման ժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչն ասել էր, որ թեպետ հանրային քննարկումը չկայացավ, բայց իրենք լսեցին հանրության կարծիքը, և իրենց պարտքն է լինելու պատասխանել հանրությանը հուզող բոլոր հարցերին։ Իսկ արդեն ապրիլի 6-ին ԶՊՄԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, ըստ էության, պատասխանել էին հանրությանը հուզող հարցերին։
Ըստ այդ հաղորդագրության՝ Լիճքի հանքավայրը մինչև 2018թ. շահագործել է «Թաթսթոուն» ՍՊ ընկերությունը։ ԶՊՄԿ-ի պարզաբանումից երևում է, որ Լիճքը նոր բացվող հանքավայր չէ, և այնտեղ մինչև 2018-ը կատարվել են զգալի աշխատանքներ, իսկ 2021թ․ դադարեցվել է «Թաթսթոուն» ընկերության ընդերքօգտագործման իրավունքը։
Հայտարարությամբ նաև պարզաբանել են, թե ինչու է հենց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ցանկանում ստանալ հանքի շահագործման լիցենզիա, նշել են, որ «Թաթսթոուն» ընկերության կողմից արդյունահանման համար օգտագործվել են ԶՊՄԿ զգալի ռեսուրսներ, և դրանց օգտագործման համար ԶՊՄԿ-ն չի ստացել որևէ հատուցում․ «Այս պահի դրությամբ «Թաթսթոուն» ընկերությունը փաստացի չի գործում և, ունենալով չմարված զգալի պարտքեր ԶՊՄԿ-ին, անցնում է սնանկացման գործընթացով»,- նշել են ԶՊՄԿ-ից։

Իսկ բնապահպանության վերաբերյալ մտահոգությունների մասով նշել են, որ հանքավայրի տարածքում իրականացվել են զգալի աշխատանքներ, այնուհետև, առանց պատշաճ փակման, դադարեցվել է շահագործումը։

«Առանց պատշաճ փակման լքված հանքավայրերը զգալի բնապահպանական վտանգ են ներկայացնում։ Շրջակա միջավայրի բաղադրիչների (հող, ջուր, օդ, կենսաբազմազանություն) պատշաճ կառավարմամբ շահագործումը ոչ միայն տնտեսապես շահավետ կարող է լինել պետության համար, այլև կկանխի տարածքի բնապահպանական հետագա դեգրադացիան։ ԶՊՄԿ-ն նախատեսում է հանքաքարի մշակումը իրականացնել Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայում՝ բացառելով Մեղրիի շրջանում արտադրական միավորների և պոչամբարի կառուցումը»։
Հայկ Մագոյան