Հասարակություն

Բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 մլրդ դրամով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«2023թ. բյուջեի եկամուտների մասը շատերը համարում էին ռիսկային, շատերը՝ ոչ իրատեսական։ Բայց ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 մլրդ դրամով». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առաջին եռամսյակի հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15.2%-ով կամ շուրջ 60.8 մլրդ դրամով. «2023թ. առաջին եռամսյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին է վերադարձվել 93.5 մլրդ դրամ, որը 2022թ. առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 82%-ով կամ 42.2 մլրդ դրամով»։

Փաշինյանը հիշեցրել է, որ 2018թ. դրությամբ ՀՀ-ում շուրջ 60 մլրդ դրամի՝ նման գումար կար, որը տասնյակ տարիներով չէր վճարվել. «Անհատների փողն էր, որ գերավճարների շրջանակներում պետությունը վերցրել ու չէր տալիս»։ Փաշինյանը հիշեցրեց, որ այն ժամանակվա օրենսդրությամբ այդ գումարների վերադարձ նախատեսված էր վեցամսյա պարբերականությամբ. «Մենք սկզբից այդ ժամկետը կրճատեցինք, դարձրինք 3 ամիս, իսկ 2021թ.՝ 1 ամիս»։