Հասարակություն

Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում կգործեն միասնական կարգավորումներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կամավորության մշակույթի զարգացման ու տարածման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման նպատակով՝ կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում կգործեն միասնական կարգավորումներ։ Այսօրվա նիստում նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է տրվում նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը, բնականաբար, նաև աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։

Ըստ այդմ՝ կամավորների համար կամրագրվեն՝
կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր.
կամավոր աշխատանքի ժամանակահատածը` կամավորի համար աշխատանքային փորձառության համարում.
ծախսերի հատուցման իրավունք.
առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ.
ապահովագրության հնարավորություն.
կապահովի աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն:

«Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունմամբ կապահովվեն նաև «Երիտասարդների անդրազգային երկարաժամկետ կամավորական ծառայության խթանման մասին» Եվրոպական կոնվենցիայով, «Կամավորականությանն աջակցելու» ՄԱԿ-ի հանձնարարագրով, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված միջազգային նորմերի իրականացումը, ինչպես նաև կամրագրվեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրացման հարցում կամավորների ներուժի օգտագործման համար իրավական մեխանիզմներ։