Հասարակություն

Վարդենիսում ուսուցիչը ՎԱԶ 2107-ով վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհուն

Ապրիլի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից «վերին ծնոտի 1-ին, 2-րդ, 3-րդ կտրիչ ատամների վնասվածքներ, դեմքի շրջանի սալջարդ, ցնցում հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Մարիա Կ.-ն է: Մինչ բժիշկները երեխային անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գեղամ Հ․-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով, Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցում, վրաերթի է ենթարկել Մարիա Կ.-ին:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ Գեղամ Հ.-ն աշխատում է Գեղաքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ: