ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ամփոփելով Շիրակի և Սյունիքի մարզերի երկու համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, հայտարարել է, թե մինչև այս պահը վարչական դատարան բողոք չի ներկայացվել՝ վիճարկելու Անի և Սիսիան համայնքներում կայացած ընտրությունների արդյունքները։
Նա նաև տեղեկացրել է. «Այսօր դատական բողոքարկման ժամկետի վերջին օրն է։ Մինչև այս պահը դատական բողոքարկում չունենք․ մինչև ժամը 18։00-ն ժամանակ կա։ Դրանից հետո պարզ կլինի, բողոքարկումներ կունենա՞նք, թե՞ ոչ»։
Նրա խոսքով՝ կայացած ՏԻՄ ընտրությունները բավականին մրցակցային են եղել․ Անի համայնքում գրանցված է եղել մեկ դաշինք և երեք կուսակցություն, իսկ Սիսիանում՝ երեք կուսակցություն. «Քարոզարշավի ընթացքում Անի համայնքում ստացվել է մեկ հարցում, իսկ Սիսիան համայնքում թիվ 34 ընտրատարածքի հանձնաժողովը ստացել է 1 հարցում և 4 դիմում-բողոք։ Դիմում-բողոքները վերաբերվել են պաստառների փակցման հետ կապված խնդիրներին։ Արձանագրեմ, որ բոլոր խնդիրներին ժամանակին տրվել են լուծումներ»։