Հասարակություն

Երևանի իր բնակարանում հայտնաբերվել է հաղորդավար Հրաչ Մուրադյանի հորեղբոր տղայի դին

Ապրիլի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի 38 շենքի բնակարաններից մեկում դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 1-ին հարկի բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են տղամարդու դի: Մինչ տեղում դատաբժիշկը զննում էր դին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են մահացածի ինքնությունը, ով նշված շենքի բնակիչ, 48-ամյա Մ. Մուրադյանն է:

Դեպքի վայրում հավաքված հարևաններն ասել են, որ մահացածը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հորեղբոր տղան է: Տունը ամբողջովին եղել է հակասանիտարական վիճակում, ոստիկաններն ու քննիչները հատուկ դիմակով են կարողացել ներս մտնել:

Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն: