Հասարակություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ռուսաստաում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Կրասնոդարի երկրամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են համայնքային կառույցների, գործարար շրջանակների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հարությունյանն իր խոսքում նշել է համայնքի և հայրենիքի միջև կապերի ամրապնդման կարևորությունը, ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակն արդի պայմաններում, խոսել երկու պետությունների փոխգործակցության հիմնական ոլորտների մասին, ինչպես նաև անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության առանցքային դերին տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում։

Դեսպանը նշել է նաև համայնքի դերը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացման գործում, խոսել երկրի տնտեսական և ներդրումային հնարավորությունների մասին։

Հանդիպման ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանը պատասխանել է բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանում տիրող իրավիճակին, տնտեսության և ներդրումային ոլորտում կառավարության ծրագրերին և այլ թեմաների։

ՎաղարշակՀարությունյանն այցելել է նաև Սոչիի Հայ առաքելական «Սուրբ Սարգիս» եկեղեցի և հանդիպել տաճարի առաջնորդ Տեր Եզնիկ քահանա Ղազարյանի հետ։