ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով հստակեցնում է կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք օրենքում կատարված փոփոխութունների և լրացումների համաձայն՝ սահմանվում են վարժական հավաքների և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները։ Լրացվում է կարգապահական տույժի տեսակ՝ ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` 5 տոկոսից մինչև 30 տոկոս` մինչև երեք ամիս ժամկետով, ինչպես նաև հստակեցվում է հիշյալ տույժը կիրառելու սահմանները»,- ասաց Սարգսյանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ ամբողջությամբ վերաշարադրվում է կանոնագրքի հատուկ մասը, սանկցիաներում լրացվում են կարգապահական տույժերի բոլոր տեսակները. «Կարգապահական իրավախախտումների տեսակները լրացվում են ևս երկու հոդվածով՝ զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը և գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելը»։
Փոխնախարարը նաև շեշտեց, որ այլևս ծառայության ժամկետ չի համարվելու կարգապահական վաշտում գտնվելու ընթացքը. «Զինծառայողներին կարգապահական խախտումներ թույլ տալու համար տեղափոխում են կարգապահական վաշտ, և այսօր գործող օրենսդրությամբ, զինծառայողներն այդ վաշտում գտնվելու ընթացքում շարունակվում են համարվել զինծառայող, և այդ ժամկետը «հոսում է»։ Այս փոփոխություններով այլևս ծառայության ժամկետ չի համարվելու կարգապահական վաշտում գտնվելու ընթացքը»։