Հասարակություն

Լորան Վոքիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությունը մարտի 31-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել խաչքարերին և գերեզմաններին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հակահայկական քաղաքականության զոհերի հիշատակին: Պարոն Լորան Վոքիեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Լորան Վոքիեն շեշտել է, որ հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և որ Ֆրանսիան պետք է անի ամեն ինչ թույլ չտալու ևս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն էլ, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Վոքիեին Հայաստանի կողքին լինելու համար և նշել, որ 2020թ. Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավարի աջակցությամբ լույս տեսած «Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությամբ սկիզբ առած համագործակցությունը շարունակական կլինի և առաջիկայում համատեղ նորանոր ծրագրեր կիրականացնեն: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը պարոն Վոքիեին է նվիրել նաև ՀՑԹԻ հրատարակություններից:

Այցի ավարտին ֆրանսիական պատվիրակությունը եղել է նաև Հիշողության պուրակում, որտեղ Լորան Վոքիեն ջրել է 2019թ. իր տնկած արծաթափայլ եղևնին: