Հասարակություն

Վարչապետն առաջարկել է դրոշի պահպանման կանոնները երկու անգամ խախտած պաշտոնյաներին ազատել աշխատանքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով պետական դրոշի համար սահմանված պահանջները պաշտոնյաների կողմից խախտելու դեպքերին, նշել է, թե միայն վարչական պատասխանատվության ենթարկելը բավարար չէ. «Կարծում եմ՝ աշխատանքային օրենսգրքում պետք է փոփոխություններ անենք, որ, օրինակ, եթե պետական պաշտոնյան երկու անգամ նույն դեպքով վարչական պատասխանատվության է ենթարկվել, պետք է հիմք դառնա նրա հետ պայմանագիրը խզելու համար։ Եթե մարդը աշխատում է պետության հետ  և պետության սիմվոլների նկատմամբ հարգանք չունի, այդ մարդու հետագա աշխատանքը նպատակահարմար չէ»։

Անդրադառնալով մասնավորի կողմից դրոշի պահանջների խախտմանը՝ Փաշինյանը նշեց, թե որևէ մեկին կառավարությունը չի պարտադրում դրոշ տեղադրել. «Դա ցանկացած քաղաքացու իրավունքն է։ Բայց եթե քաղաքացին կայացրել է այդ որոշումը, պետք է բարի լինի հետագա խնամքի մասին մտածել։ Չի կարելի որևէ տեղ դրոշ տեղադրել և հետո 10 տարով մոռանալ նրա գոյության ու խնամքի մասին։ Որտեղ կա դրոշ, պետք է համապատասխան պատշաճ վերաբերմունքի արժանանա»։