Հասարակություն

«Գոլդ» համարանիշները կդրվեն աճուրդի

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոխել ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների տրամադրման կարգը։ 

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում տեղադրված փաստաթղթի համաձայն, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» գործող օրենքով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ՝ հերթական, ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող:

Հերթական համարանիշերը հատկացվում են պետական տուրքի վճարման դիմաց, իսկ վերջին երկուսը` 36 000- 8.000.000 դրամով` կախված համարանիշի տառային և թվային համադրություններից։

Նախագծով առաջարկվում է նախատեսել, նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով և տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից և որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։

Աճուրդի մեկնարկային գներն ու անցկացման կարգը, նախագծի ընդունման դեպքում սահմանելու է կառավարությունը։