Հասարակություն

Դրոշը պետք է լինի մաքուր և չգունաթափված, հակառակ դեպքում՝ կկիրառվի մինչև 100.000 դրամ տուգանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։

Ըստ այդմ, հստակեցվում է ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանվում է որպես ընդհանուր պահանջ:

Բացի այդ, հստակեցվում է ՎԻՎ օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև առանձնացնել ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը։

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը»,-նշված է հիմնավորումների մեջ:

Ըստ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ դրոշի պահպանման պահանջները չկատարելու ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք 70-ից 100.000-ի չափով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ սա կապված է պետական մտածողության արմատավորման հետ. «Պետական մտածողությունը երբեմն ամեն օր մեր աչքի առաջ ոտնահարվում է։ Այսօր պետական, ոչ պետական հաստատություններում կարելի է ականատես լինել ցնցոտիացված դրոշների, և շատ հաճախ մենք դրանց կողքով անցնում ենք՝ մտածելով, որ այդպես էլ պետք է լինի։ Բայց պետք է խոստովանեմ, որ ես ինքս նման դեպքերի կողքով չեմ անցնում, և բազմիցս այդ թվում հրապարակային, այդ թեմային անդրադարձել եմ»։ Նրա խոսքով, հասել ենք մի կետի, որ պետք է դրոշի պահանջների խախտման համար իրավական պատասխանատվության կետեր սահմանվեն։