Հասարակություն

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Հանովերի Եզդիական ակադեմիայի ներկայացուցիչների հետ

Հանովերի Եզդիական ակադեմիան մեծ առաքելություն ր խորհուրդ ունեցող կառույց է, իսկ նպատակը եզդի ժողովրդի ինքնության պահպանումն է. պատմական անհրաժեշտություն և ժամանակի հրամայական: Մարտի 30-ին այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ ԳԴՀ Հանովեր քաղաքի Եզդիական ակադեմիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Ծանոթանալով Եզդիական ակադեմիայի գործունեությանը, իրականացվող բազմաբնույթ ծրագրերին ու նախաձեռնություններին՝ Ռուստամ Բաքոյանը համոզմունք է հայտնել, որ իր գործունեությամբ կառույցը մեծ ներդրում կունենա եզդի ժողովրդի համազգային նպատակների ու երազանքների իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով Ռուստամ Բաքոյանին ջերմ ընդունելության և խոսքերի համար՝ Հանովերի Եզդիական ակադեմիայի ներկայացուցիչները կարևորել են համագործակցությունը Հայաստանի եզդիական համայնքի հետ: Նրանք համոզմունք են հայտնել, որ համագործակցությունը կընդլայնի ծրագրերի իրականացման շրջանակը:

Անդրադառնալով 2014 թվականին Սինջարի եզդիների նկատմամբ իրագործված ցեղասպանությանը, պատգամավորը նշել է, որ այն իր ծանրակշիռ ազդեցությունն է ունեցել և այսօր էլ ունի եզդի ժողովրդի ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեգիտակցական, կրթական ու մշակութային կյանքի վրա:

«Այսօր էլ եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվում են ծայրագույն միջազգային հանցագործություններ` թույլ չտալով իրականացնել իրենց բնական ու անօտարելի իրավունքները` ապրելու բնական իրավունքից մինչև կրթության անօտարելի իրավունք: Այս օրերին էլ բազմաթիվ եզդիներ գոյատևում են ճամբարներում, անմարդկային պայմաններում` մաքառելով հանուն իրենց ֆիզիկական գոյության ու ապագայի»,- ասել է Ռուստամ Բաքոյանը՝ ընդգծելով գիտության և կրթության ազգապահպան դերը: