Հասարակություն

ՍԱՏՄ-ն արձագանքել է Ռոսսելխոզնադզորին

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձագանքել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությանը.

«Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման հետ կապված ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։ 

Հրապարակման մեջ նշված մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանի Իսլամական Հանրապետությունից հումքի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում կաթնամթերքի արտադրության մեջ դրա օգտագործման և Ռուսաստանի Դաշնություն արտահանման շղթային։ Նշենք, որ Հայաստանից կաթնամթերքի ռուսական շուկա մատակարարումների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են։ 

Առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՍԱՏՄ հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր, թե կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներ սահմանելու հարցը՝ կապված հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման հետ։