Հասարակություն

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Queen Music Hall» ակումբում կատարված միջադեպից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում պարզվում են սույն թվականի մարտի 29-ի գիշերը «Queen Music Hall» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները։

29.03.2023թ-ին՝ ժամը 04։12-ին, ՀՀ ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հանդիսանում է պետական պաշտոնյա, իր նկատմամբ կատարվել է հարձակում, որի արդյունքում ստացել է վնասվածք։

Դեպքի վայր հանդիսացող՝ Բաղրամյան փողոցում գործող «Queen Music Hall» ակումբում կատարված առաջնային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Ոստիկանություն ահազանգած անձը երկու ընկերների հետ մտել է նշված ակումբ։

Որոշ ժամանակ անց ակումբի անվտանգության աշխատակիցը մոտեցել է նրանց սեղանին և նկատողություն արել ակումբի աշխատակցի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու առթիվ։ Այդ կապակցությամբ նրանց միջև ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև ծեծկռտուքի, որին մասնակցել են ակումբի 2 այլ աշխատակիցներ ևս։

Արդյունքում Ոստիկանություն ահազանգած անձը դեմքի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև անհետաձգելի այլ քննչական գործողություններ, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունները պարզվել են։ Անձի ստացած վնասվածքների առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Միջադեպին մասնակից 5 անձ ձերբակալվել է առերևույթ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածի հիման վրա։

Նկատի ունենալով իրականացվելիք քննչական գործողությունների մեծածավալությունը` նախաքննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ձևավորվել է քննչական խումբ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց արարքներն անհատականացնելու և դրանց իրավական գնահատական տալու նպատակով։