Հասարակություն

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու կոռուպցիոն բնույթի գործերի քննության առանձնահատկությունները, ինչպես նաև կառույցի գործունեության ընթացքում արձանագրված արդյունքները: Միաժամանակ Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ ճապոնացի գործընկերների հետ համագործակցային կապերի ստեղծումն ու ընդլայնումը դրականորեն կանդրադառնան երկու երկրների իրավապահ մարմինների աշխատանքների վրա:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով՝ այսօր հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ հակակոռուպցիոն արդյունավետ միջոցառումների իրականացման աշխատանքներում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումն անհրաժեշտություն է, ուստի՝ հաշվի առնելով Ճապոնիայի հարուստ փորձն ու ներուժը հիշյալ ոլորտում, Սասուն Խաչատրյանը կարևորել է նաև այդ ուղղությամբ համագործակցության զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և այս հանդիպումը դիտարկելով որպես երկու երկրների իրավապահ համագործակցության արդյունավետ սկիզբ՝ Ճապոնիայի դեսպանը, իր հերթին, ներկայացրել է իրենց երկրի իրավապահ համակարգի կառուցվածքն ու առանձնահատկությունները: Միաժամանակ, անդրադառնալով առհասարակ կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, դեսպան Ֆուկուշիման ընդգծել է, որ այն ժողովրդավարական երկրների կայացման կարևոր գործոններից է, և այդ տեսանկյունից իրապես ողջունելի քայլ է համարում Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել նոր ձևավորվող համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, փոխադարձ այցերի և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ: