Հասարակություն

Քաջարանի թունելի շինարարությունը ներառված չէ 32 կմ-անոց հատվածի մեջ

Ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրանի սահման) հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2023թ․ երրորդ-չորրորդ եռամսյակի ընթացքում։ Radar Armenia-ն դիմել էր ճանապարհային դեպարտամենտ՝ ստանալու թեմայի վերաբերյալ մի քանի հարցերի պատասխան։ Ստորև ներկայացնում ենք պատասխաններն՝ ամբողջությամբ․

- Կարո՞ղ եք ներկայացնել, թե որ երկրների ինչ ընկերություններ են մասնակցել մրցույթին։ 

- Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրանի հետ սահման) հատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթն իրականացվում է միջազգային մրցակցային եղանակով․ գործընթացը կոնֆիդենցիալ է, մրցույթին վերաբերող տեղեկատվությունը շրջանառման ենթակա չէ: Մրցութային գործընթացի ամփոփումից հետո մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի՝ Եվրասիական զարգացման բանկի գնման հրահանգներում նշված պահանջներին համապատասխան։

- Ինչո՞վ է պայմանավորված, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2023թ․ երրորդ-չորրորդ եռամսյակի ընթացքում։

- Շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել միայն շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքներն ամփոփելուց, հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո։ Մրցութային գործընթացը շարունակվում է. այժմ ընթանում է մրցույթի մասնակից կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի գնահատումը։ Տեղեկացնենք նաև, որ մրցույթի հաղթողից, որի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր, մինչև հիմնական շինարարական աշխատանքների մեկնարկը որոշակի ժամանակ կպահանջվի լիարժեք մոբիլիզացիայի համար:

- Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման միջոցներով։ Ինչո՞վ եք բացատրում, որ ԵՄ-ն չկա ֆինանսավորողների ցանկում։ Կարո՞ղ եք նշել, թե որքան գումար է հատկացվել ՀՀ պետբյուջեի, որքան՝ Եվրասիական զարգացման բանկի կողմից։

- Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) ֆինանսավորման վարկային համաձայնագիրը ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի մինջև կնքվել է 2015 թվականին։ Ծրագրի իրականացման համար նշված վարկային համաձայնագրով նախատեսված է 236,7 մլն ԱՄՆ դոլար (առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող հարկերի), որից 150 մլն ԱՄՆ դոլարը Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորումն է, 86,7 մլն ԱՄՆ դոլարը՝ ՀՀ համաֆինանսավորումը։

- Խնդրում ենք նշել հստակ՝ ո՞ր հատվածների մասին է խոսքը․ թունելը մտնու՞մ է շինարարության այդ հատվածի մեջ, թե՞ ոչ։

- Շուրջ 32 կմ ճանապարհն սկսվում է Իրանի հետ ՀՀ պետական սահմանից (Ագարակ) և ձգվում մինչև Քաջարանի՝ նախատեսվող թունելի ելք։ Այս հատվածում նախատեսվում է կառուցել միայն երկու փոքր թունել՝ մոտ 400 մ և 500 մ երկարությամբ։ Եթե հարցում նկատի ունեք Քաջարանի թունելը, ապա դրա շինարարությունը ներառված չէ այս 32 կմ հատվածի մեջ։ 

Հայկ Մագոյան