«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, թե իրենք սեփական ուժերը կենտրոնացրել են բացառապես մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի վրա: Ըստ Հայրապետյանի, շուրջ երկու տարիներ ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը եղել է կրթությունն ու գիտությունը, որի շարջանակներում իրականացվել է 4 մեծ ծրագրեր:
««Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը՝ թող իր սեփական ոտքերին». այս փիլիսոփայությամբ և այս տեսակ բացառիկ մարդասիրական առաքելությանն է կոչված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, ինչը պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, համառ, տևական ու հետևողական աշխատանք։ «Իմ քայլը» հիմնադրամն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը՝ մարդուն գիտելիք և հմտություն տալու առաջնահերթությամբ»,- ասել է նա։
Ըստ Հայրապետյանի, հիմնադրամը նպատակ ունի բացահայտել մեր երկրի և համայն հայության կարևորագույն և մշտապես վերարտադրելի ռեսուրսը՝ մարդկային ներուժը, ներդրում կատարել դրանում՝ ձևավորելով առավել որակյալ և մրցունակ հասարակություն, որն էլ, իր հերթին, պատրաստ կլինի դիմագրավել ապագայի անգամ ամենադժվարին մարտահրավերներին։