Երևանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկում զբաղեցրել է 21-րդ տեղը՝ զգալիորեն առաջ անցնելով Հարավային Կովկասի իր հարևաններից՝ Թբիլիսիից ու Բաքվից։ Ցուցակը կազմել է միջազգային «Ranking Royals» վիճագրական ընկերությունը։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն հայտնվել է 85-րդ, իսկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին՝ 44-րդ հորիզոնականում։
Ըստ նույն ինդեքսի՝ առաջին տեղում Աբու Դաբին է (ԱՄԷ), 2-րդը՝ Դոհան (Կատար), 3-րդը՝ Այմանը (ԱՄԷ)։
Քաղաքի անվտանգությունը չափելու համար ինդեքսը դասակարգել է աշխարհի 424 քաղաքներ՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները.
- Հանցավորության մակարդակ
- Տեղաշարժման անվտանգություն ցերեկային և գիշերային ժամերին
- Գողություն կամ կողոպուտ
- Ֆիզիկական հարձակման ենթարկվելու վտանգ
- Որևէ մեկի կողմից բռնության դեպքեր
- Բռնության դեպքեր էթնիկ, սեռային կամ կրոնական հողի վրա,
- Թմրաշրջանառություն
- Սեփականության հափշտակում
