Սեուլում մեկնարկած «Բժշկական Կորեա 2023» համաշխարհային 13-րդ համաժողովին մասնակցում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Համաժողովի շրջանակներում նախարարի առաջին տեղակալը Սեուլում մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ է ունեցել:
Հարավային Կորեայի առողջության և բարեկեցության նախարարի առաջին տեղակալի հետ հադիպմանը Լենա Նանուշյանը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի ժամանակ տրամադրած օգնության համար, կարևորել երկրների միջև երկարամյա համագործակցությունը:
Խոսելով առողջապահական բարեփոխումներից` Լենա Նանուշյանը նշել է հատկապես բժշկական համապարփակ ապահովագրության մասին, որն այս պահին Հայաստանում ներդրման փուլում է:
Կորեացի գործընկերը պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակմամբ օգտակար լինել Հայաստանին, մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել Կորեայի օժանդակությամբ Հայաստանի ապահովագրական ֆոնդի մասնագետների համար վերապատրաստման ծրագրեր իրականացնել:
Կորեայի առողջապահական արդյունաբերության ինստիտուտի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ կողմերը հստակեցրել են, որ հունիսին կորեացի մասնագետներից կազմված խումբ կայցելի Հայաստան` տեղում համագործակցության ուղղություններն ուրվագծելու համար:
Աշխատանքային այցի շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը եղել է նաև Կորեայի Պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական բժշկության ժամանակակից կենտրոնում: Որտեղ ևս համագործակցության մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել: