Հասարակություն

Շուտով կմեկնարկեն Սյունիքի մարզպետարանի և ԶՊՄԿ-ի համատեղ ծրագրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Սյունիք» հեռուստաընկերության «Կարևորի մասին» հաղորդաշարում ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին, խոսել է նաև փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև կնքված հուշագրի մասին։

Ինչպես հայտնեց մարզպետը, այս համագործակցությամբ մարզպետարանը և կոմբինատը համատեղել են իրենց ջանքերը մարզում իրավիճակը փոխելու համար։ Մարզում անկազմակերպ և չհամակարգված հսկայական ռեսուրսներ են ծախսվում տարբեր ոլորտներում․ միավորելով ուժերը՝ հնարավոր է զարգացնել բոլոր ոլորտները․ «Մեկնարկեց շատ կարևոր գործընթաց, երբ բազմաթիվ խոշոր հարկատուներ և տնտեսվարողներ իրենք սկսեցին առաջարկել քննարկել ու որոշել, թե ինչպես զարգացնենք մարզը»։

Մի քանի քննարկումներ են եղել ԶՊՄԿ-ի և մարզպետարանի միջև, որոնք վերաբերել են տարբեր ոլորտների՝ սոցիալական, առողջապահական, բնապահպանական և այլն։ Մարզպետի տեղեկացմամբ՝ հաջորդ շաբաթ կմեկնարկի նաև համատեղ ծրագրերի իրականացումը․ «Ես շատ ուրախ եմ, որ այս համատեքստում մենք ինտեսիվ շփումներ և հաճախակի քննարկումներ ենք ունենում։ Հաջորդ շաբաթվանից կսկսենք հրապարակել արդեն բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք անել»։