Հասարակություն

Ովքե՞ր չեն կարող հավակնել դպրոցի գործադիր մարմնի պաշտոնին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դպրոցի տնօրենին ներկայացվող պահանջների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին։ 

Ըստ նախարարի՝ ««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություն արեցինք, որտեղ հստակ ֆիքսեցինք, թե ովքեր չեն կարող հավակնել դպրոցի գործադիր մարմնի պաշտոնին: Խոսքը ոչ միայն տնօրենի, այլև վարչատնտեսական համակարգողի մասին է:

Այդտեղ հստակ ֆիքսել ենք կուսակցական գործունեության վերահսկիչ մարմիններում լինելու արգելքը:

Դրել ենք նաև հավելյալ պայմաններ: Նախկինում ունեինք իրավիճակ, որ քրեական գործ էր հարուցվում, օրինակ՝ ֆինանսական չարաշահումների մասով, այնուհետև այդ անձն ընդունում էր իր մեղքը, բերում էր ու փոխհատուցում վնասը, և գործը կարճվում էր, դրանից հետո նա կարողանում էր հանգիստ գալ ու նորից մասնակցել տնօրենի մրցույթին և կրկին դառնալ տնօրեն»:

Նախարարը մեկնաբանեց, որ նախորդ տարվա օրենքի փոփոխությամբ հստակ ամրագրվել է արգելող դրույթը. «Եթե անձի գործը կարճվել է ոչ արդարացնող հիմքով, ապա նա չի կարողանալու մասնակցել դպրոցի գործադիր մարմնի պաշտոնի համար հայտարարվող մրցույթներին»։