Հասարակություն

ԿԳՄՍ նախարարը՝ ՀՀ-ում ռուսալեզու դպրոցների բացման մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով Հայաստանում ռուսալեզու դպրոցների բացման մասին, հայտարարել է, թե ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է, որ ուսուցումը լինի գրական հայերենով։ Նա շեշտել է, որ սա օրենքի պահանջն է. «Մեր երկրում պետական լեզուն մեկն է և դա հայերենն է, ինչ վերաբերում ռուսական կողմի հետ համատեղ ծրագրին, որը պետք է լինի հանրակրթական մակարդակում որոշակի հաստատությունների ձևաչափով, դեկտեմբերին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ հստակ արձանագրվեց, որ մենք պետք է քննարկենք դրա կոնցեպտը:

Դրա նպատակով պետք է ձևավորվի աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը ձևավորվել է, մենք ունենք  մեն պատկերացումները, թե ինչպիսի համատեղ նախագծի մասին կարող է խոսք լինել: Ես այո, հնչեցրել եմ, որ մենք ունենք շատ լավ օրինակ, հայ-չինական դպրոցի մասով, որտեղ էլի ենթակառուցվածքների մասով Չինաստանն արել է մեծխ ներդրում, կառուցվել է դպրոցական նոր շենք, հագեցվել է գույքով, նաև համատեղ աշխատանք ենք անում բովանդակության մասով: Այսինքն այս դպրոցում կա չինարենի ուսուցման, Չինաստանի մշակույթի, պատմության ուսուցման հնարավորություն: Մասնագետներ են գործուղվում Չինաստանի կողմից, ֆինանսական հավելյալ օժանդակություն է տրվում: Սա այն է, ինչ մենք արդեն ունենք և ռուսական կողմին սա ներկայացրել ենք»,-ասել է Անդրեասյանը:

Նախարարի խոսքով, երկրորդ հնարավորությունը, որ քննարկել են ռուսական կողմի հետ, այն է, որ վերջին տարում ՌԴ-ից քաղաքացիների մեծ հոսք կա. «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել, եթե կա այդ քաղաքացիների կրթության կազմակերպման անհրաժեշտություն: Այստեղ նաև անհրաժեշտություն կա, որ նրանք հնարավորություն ունենան սովորելու ռուսական կրթություն, սա ևս կարող ենք քննարկել: Հիմա ընթանում են քննարկումները:

Մեր քաղաքացիների համար պարտադիր է, որ ուսուցումը լինի գրական հայերենով, սա օրենքի պահանջն է: Մենք այդ քննարկումները վարում ենք օրենսդրության շրջանակներում: ՌԴ քաղաքացիների պարագայում կարող է ուսուցումը լինել այլ լեզվով»։